Շոկի մեջ էի։ Մինչև ինքնաթիռի իջնելը չէի հավատում, որ վերադառնալու է, Ինչ է պատմում երեկ գերությունից վերադարձած տղան

Ամբարդարյանների ընտանիքում երեկ ավարտվեց 11 ամիս տևած մղձավանջը, անվերջանալի անքուն գիշերներն ու կարոտի ծանր զգացումը հյուծել ու գրեթե անուժ էր դարձրել հարազատներին։ Մի կաթիլ հույսի առկայությունն էր, որ ստիպում էր նրանց չդադարել պայքարը, ապրել ու սպասել։ Մելս Ամբարդարյանը գերությունից տուն վերադարձավ երեկ։

Նրան «Էրեբունի» օդանավակայանում սպասում էր եղբայրը՝ Տիգրանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Տիգրանը պատմել է, որ մինչև վերջին վայրկյանը չէր հավատում, որ եղբայրը տուն է վերադառնում։«Շոկի մեջ էի։ Մինչև ինքնաթիռի իջնելը չէի հավատում, որ վերադառնալու է։ Իրար տեսանք, ոչ մի բան չենք ասել, ոչ մի բան։ Մենակ զգացել եմ, որ կեսս եկավ, տեղ հասավ, ուրիշ ոչ մի բան։ Հարցեր չեմ տվել, թողել եմ, որ հանգստանա»։

Էրեբունի օդանավակայանում Մելսին մայրը չի դիմավորել՝ հարգելի պատճառներով ու առաջինը տեղեկանալով, որ որդին արդեն Երևանում է, փոխանցել է հորդորը՝ որդուն շուտ տուն հասցնեն։

«Ուրախությունից լաց էր լինում, ասաց շուտ տուն բերեք»։

Մելսը հիմա զինվորական հոսպիտալում է։ Հույս ունեն, որ վաղը տանը կլինի։ Այսօր նրան տեսակցելու է գնացել եղբայրը։ Կատակով նշում է՝ հետը ոչինչ չի տարել։

«Ես գիտե՞ի որ գալու ա։ Հոսպիտալ գալուց առաջ նախօրոք չեմ խոսել հետը։ Արդեն հոսպիտալում եմ իրեն տեսել ու որոշել եմ տուն տանել»։

Ամբարդարյանը նշեց՝ Մելսին դիմավորելու համար տանը միջոցառում չեն նախատեսել, պատճառն այն է, որ իրենց ընտանիքը ծանր փորձությունների միջով է անցել։

«Էնպես չէ, որ տոն է՝ պետք է նշենք։ Այնտեղ դեռ տղաներ կան, որ պետք է գան։ Պետք է սպասենք, որ բոլորը գան ու մենք ինչ պետք է՝ կանենք»։

Տիգրանը նշեց, որ պայքարը շարունակելու են մինչև վերջին ռազմագերին տուն չվերադառնա։ Պայքարին կմիանա նաև գերությունից վերադարձած Մելսը։

«Մենք հույս ունենք, որ տղաները վերադառնալու են։ Պայքարելու ենք մինչև վերջին տղայի վերադարձը։ Իմ պայքարը ուրիշ է։

Զինվորական համազգեստը հագնելու եմ ՝ գնամ հայրենիքիս առաջ իմ պարտքը տամ։ Իմ պարտքը թողնելու եմ իր վրա ու բացատրելու եմ, որ ինքը բոլորին պարտական է, իր համար է պայքար եղել ու ինքը պարտավոր է նաև մյուսների համար պայքարել, որ մեր հետ պայքարած անձանց բալեքն էլ գան, տուն հասնեն»։

Ամբարդարյան երկու եղբայրները ամսուսնացած չեն։ Մելս Ամբարդարյանը ուսանող է, սովորում է Գյուղատնտեսական համալսարանում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան հայրենիք վերադարձան 5 ռազմագերի։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։
Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդարյանին, հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Բաքվի դատարանում հուլիսի 22–ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ։ Նրանց թվում նաև Երևան վերադարձած Ժորա Վանոյի Մանուկյանը։

Վերադարձած մյուս ռազմագերին՝Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը Բաքվում շինծու դատավարությամբ դատապարտվել էր հուլիսի 29–ին։

Նրանք գերեւարվել էին պատերազմի ավարտից հետո. 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից, իսկ 62 շիրակցի, ինչպես հետո պարզվեց, գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 114-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։

Оставьте комментарий