Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կ հատվածում՝ Սառնակունք գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Zafira և Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վիրավորներին քաղաքացիների հետ համատեղ պատգարակներով շտապօգնության ավտոմեքեննաներին են մոտեցրել քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ երեխաներ կան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: