ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել ադրբեջանցիների փակած ու բանակցությունների արդյունքում բացված Գորիս-Կապան Մ-2 միջպետական ճանապարհից։
«Կարող եք երթևեկել այդ հատվածով։ Ճանապարհի անվտանգությունը լիովին ապահովված է»,– գրել է պատգամավորը։
Օգտատերերն անմիջապես նկատել են, որ բացվելուց հետո ճանապարհը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես` ճանապարհի երկու կողմերում զիգզագաձև տեղադրված են բետոնե բլոկներ, որոնց հարևանությամբ տեղակայվել են նաև ռուսական սահմանապահ ուժերի հենակետեր։
Հիշեցնենք` այսօր երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։
Ադրբեջանցիները, սակայն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, բացում են Գորիս-Կապան ճանապարհի փակ հատվածները պայմանով, որ ճանապարհին զիգզագաձև շարված են լինելու բլոկներ:
Իրենց այս պայմանը նրանք պատճառաբանել են, իբր, հնարավոր վտանգներից զգուշանալու ցանկությամբ։
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին որևէ անցակետ չի տեղակայվել։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Արման Մարալչյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը։
«Որևէ անցակետ տեղակայված չէ։ Ճանապարհը բացվել է, երթևեկությունը վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար», ֊ հայտնել է Մարալչյանը։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, թե իբր Գորիս-Կապան ճանապարհին տեղակայվել է ռուս֊ադրբեջանական անցակետ։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակեցին նաև Գորիս-Որոտան հատվածը։
Այսօր երեկոյան ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։