Պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը. քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ. Լավ, հիմա արդեն պատկերը հստակացել է, պարզ է, թե ինչու է Ադրբեջանը փակել ու հետո բացել ճանապարհը։ Ավելի կոնկրետ, ինչ պահանջ է դրել Ադրբեջանը, որի կատարելուց հետո ճանապարհը բացվել է։

Ադրբեջանը պահանջել է, որ Հայաստանը պաշտոնապես հայտարարի, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք, այդ թվում նաեւ երկու գյուղերը։

Պահանջը կատարվել է, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ 21 կիլոմետրը Ադրբեջանի տարածքն է (այն էլ կառավարության նիստի ժամանակ), նաեւ որպես Ադրբեջանի տարածք ճանաչեց նաեւ երկու գյուղերը, օգտագործելով դրանց ադրբեջանական անվանումները։

Որպեսզի տարընթերցումների չլինեն, ՀՀ վարչապետի խոսքերը հստակեցրեցին ՀՀ մի քանի նախարար ու պատգամավոր։

Քչերը հասկացան, որ տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածի սահմանազատման ու սահմանագծման գործողությունը»։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտնեց․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 25-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացվել են։

Հայտնում ենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար»։

 

Оставьте комментарий