Դավաճան է կոպեկներով պետական գույքը՝ հանքերն ու գործարանները հափշտակածն ու ծախածը. Վահե Տեր-Մինասյան

Դավաճանների սերունդը

Դավաճանները, ինչպես և դավաճանությունները մեծ ու փոքր չեն լինում։

Բայց պարզվում է, որ մեզանից շատերը այնքան չեն վախենում, կամ վախեցել հայրենիքին դավաճանելուց, որքան վախենում են այդ պիտակը կրելուց։

Շիշ շպրտելով կամ հակառակ կողմից ոտքով խփելով չէ, որ պետք է ապացուցես դավաճանության փաստը, կամ դրա բացակայությունը։

Ախր մենակ բանակից փողով ազատողը չէ որ դավաճան է։

Դավաճան է կոպեկներով պետական գույքը՝ հանքերն ու գործարանները հափշտակածն ու ծախածը։ Դավաճան է անպիտան զենքը ատկատով առածն ու սահմանին կանգնած զինվորի ձեռքը տվածը։

Դավաճան է նույն այդ զինվորի սնունդի ու հագուստի հաշվին դղյակ կառուցածը։

Դավաճան է կրթական համակարգը շուկայի վերածած ոհմակը։ Դավաճան է առողջապահական համակարգը ատկատների բուրգ դարձրածը։ Դավաճան է փողով գնահատական նշանակող «ուսուցիչն» ու հիվանդից փող շորթող «բժիշկը»։

Դավաճան է 5000 դրամով ակտ չգրող «գաիշնիկն» ու այդ նույն 5000 դրամ տվողը։

Դավաճան է ցանկացած չափի ու ձևի կաշառք տվողն ու վերցնողը։ Դավաճան է ընտրություններին 10000 դրամով իր ձայնը ծախած ընտրողը…

Մենք դավաճան սերունդ ենք։

Դավաճանել ենք մեր երկրին, մեր հայրենիքին, մեր երեխաներին։

Ախր դավաճան չեն ծնվում։

Մանկական հասակում բոլորը երազում են հերոս դառնալ, բայց ստացվել է էնպես, որ ազգովի դավաճանել ենք մեր երազանքին…
Հիմա քանի՞ Չդավաճան կա էս երկրում։

Քանի՞ հոգի կարող է հանգիստ գիշերը քնել՝ վստահ, որ ինքը դավաճան չէ ու որ իր մեղքի բաժինը չկա այսօրվա իրականության մեջ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.