«Ես որդուս բազմակողմանի կրթության էի տվել, բայց անխնամ վարվեցին իր հետ, իրա ճակատագիրը որոշեցին դիլետանտ մարդիկ. սա ա իմ ցավը, ես իրոք գանձ եմ կորցրել․․․ մեծ գանձ». Տիգրան Մարուխյան

Մարուխյան ամուսիններն արդեն երկու տարի է՝ ինչ միայնակ են ապրում իրենց եռահարկ տանը, որ միակ որդու՝ 27-ամյա Աբրահամ Մարուխյանի համար էին կառուցում։ Ասում են՝ շատ հույսեր և նպատակներ ունեին Աբրահամի հետ կապված, իսկ այսօր իրենց նպատակները կապված են միայն որդու շիրմաքարի հետ՝ յուրաքանչյուր օրվա ավարտին այցելել, մաքրել, խնամել և մի քիչ էլ հետը զրուցել։

«Մենք մի քանի շենք էն կողմ էինք ապրում, բայց մեր տները ծախեցինք, եկանք, էս տունը քարը քարի վրա դնելով սարքեցինք, որ մեր տղեն էս տանը ապրի։ Սաղ տունը իմ ձեռքերով եմ սարքել, որ տղես վայելի։ Էս մեծ եռահարկ տունը, ավտոն, սիրած աղջկան ու իրա ապագան թողեց, գնաց՝ հանուն իրա հայրենիքի»,- ասում է Աբրահամի հայրը՝ 60-ամյա Տիգրան Մարուխյանը։

Ծնողների խոսքով՝ սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի լուրն իմանալուն պես Աբրահամը տնից դուրս է եկել՝ չհասցնելով նույնիսկ իրենց կարգին հրաժեշտ տալ, թեև սեպտեմբերի 5-ին հայրը մի կերպ էր լեյտենանտ որդուն տուն բերել Արցախից։ Ասում են՝ կանխազգում էր մոտալուտ պատերազմը, այդ պատճառով չէր ուզում վերադառնալ։

«Պատերազմ գնալու օրը հետևից նայում, մտածում էի՝ ցավը կշիռ չունի, միայն զգում ես»,- ասում է Աբրահամի հայրը՝ Տիգրան Մարուխյանը։

Հայրը պատմում է՝ Ստեփանակերտ հասնելուն պես որդուն ուղղորդել են դեպի Ջրական՝ որպես հասարակ զինվոր, թեև Աբրահամը ծառայել էր Մատաղիս-Թալիշ զորամասում՝ որպես հրետանային դասակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց Աբրահամին պահեստազորի 60 հոգանոց խմբի հետ ուղղորդում են դեպի Հորադիզ, որտեղ այդ պահին թշնամին մեծաթիվ ուժերով հարձակում էր իրականացրել։

«Հորադիզում Աբոն շատ բան ա արել։ Շատերին սկսել ա սովորացնել ֆագոտից, նռնականետից ու մնացած զենքներից օգտվել, իսկ թշնամու գրաված տարածքից էլ գնացել զենք ու զինամթերք ա դուրս բերել, կարևոր փաստաթղթեր ա ոչնչացրել և այլն»։

Հոկտեմբերի 2-ին Հորադիզում մեծ մարտ է տեղի ունենում, որի ընթացքում թշնամին մեծ ուժերով հարձակում է գործում։ Այդ ընթացքում Աբրահամն ապահովում է անվտանգ նահանջը, իսկ ավելի ուշ, տեսնելով, որ զինամթերքը սպառվել է, 200 մետր սողալով նախաձեռնում է մխրճվել 300 կոչվող տեղամասն ու լրացնել սպառված զինամթերքը, սակայն հայտնվում է թշնամու նշանառության տակ և հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը զոհվում ԱԹՍ-ի հրթիռային հարվածներից։

«Էդ հարվածներից տղաս տեղում զոհվում ա՝ կորցնելով երկու ոտքերը ու բազուկը, իսկ մենք էդ օրվանից կորցրինք իրա հետ կապը։ Մենք նույնիսկ չգիտեինք՝ իրան որ ուղղությամբ փնտրեինք, որովհետև անգամ չէր ասել, թե ինքը որտեղ ա կռվում։

Մենք հետո իմացանք, որ վերջին զանգն ընկերոջն էր արել։ Ասել էր՝ ես 3 ժամից չեմ լինելու, կարամ գամ, բայց չեմ ափսոսում իմ կյանքը դնելուց, ուղղակի սարսափում եմ՝ ինձանից հետո էս երեխեքի հետ ինչ պիտի լինի»,- ասում է հայրն ու հավելում՝ իրենք դիտարկում էին բոլոր հնարավոր տարբերակները, բացի իրենց որդուն զոհված գտնելուց։

«Իրան սովորացրել էր օրերով սոված մնալուն, 100-ից ավելի բույսեր գիտեր՝ անտառներում գոյատևելու ու դրանցով սնվելու համար, ռազմական գործ գիտեր, ադրբեջաներեն էր սովորել, նենց պատրաստվածություն ուներ, որ մենք ուղղակի չէինք հավատում, որ կարար զոհվեր»։

Ընտանիքն Աբրահամին փնտրել է մոտ 7 ամիս բոլոր հնարավոր ու անհնար տեղերում։ Փորձել են տեղեկություններ ստանալ նրա ընկերներից, համապատասխան մարմիններից, սակայն ապարդյուն՝ կամ տեղեկություն չկար, կամ էլ այն պարզապես գաղտնի էր պահվում։

«Գիտե՞ք՝ ինչ օրեր ենք քաշել էդ ցրտերին փողոցներում, անձրևներին, որ մենակ գտնենք իրան։ Վարչապետի հետ մի քանի անգամ հանդիպել եմ, մտածում էի՝ տղես գերի ա։ Մի օր ասեցի՝ ինձ տար գերի Ալիևին, թող իմ տղեն հետ գա, իմ տունն էլ, եղածս էլ կտամ, փոխի, էլի, իմ տղեն թող գա, ես գնամ։

Դրանից հետո էլի ցույց արեցինք, իրա նստավայրի դիմացը փակեցինք, նոր էդ ժամանակ ասեց՝ ձեր երեխեքին մորգերում ման եկեք։ Հաջորդ օրը Աբոյիս մարմինը գտանք պադվալից, իսկ հետո ԴՆԹ-ն էլ հաստատեց, որ ինքն ա»,- նշում է Տիգրան Մարուխյանն ու հավելում՝ մայրը, սակայն, չէր հավատում, որ ԴՆԹ-ն Աբրահամինն է։

«Երազիս անատոմիկի բակն էր, տղես պառկած էր նասիլկայի վրա, տենց նասիլկա կյանքում չէի տեսել, հետո իրականում տեսա՝ էդ նույն նասիլկան էր ու նույն տեղանքը, աչքերը բացեց, ասեց՝ պապ, ես եմ, դո՞ւ էլ ինձ չես ճանաչում, տա՛ր ինձ ստեղից, ու ես արդեն լրիվ համոզվեցի, որ մեր որդին ա։ Բերեցինք, հուղարկավորեցինք»,- նշում է Տիգրան Մարուխյանն ու հավելում՝ Աբրահամին հուղարկավորել են ապրիլի 23-ին Եռաբլուրում, պարգևատրվել է Արիության, Մարտական ծառայության, ինչպես նաև Արցախի «Մայրական երախտագիտություն» և Արցախի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշաններով։

Վերհիշելով անցածը՝ Մարիամ Շիրինյանն ասում է՝ իրենք լավ զավակ էին մեծացրել, որին նվիրեցին հայրենիքին։ Տղան կրթություն էր ստացել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի վոկալի բաժնում, ապա՝ Եվրոպական համալսարանի դիվանագիտական բաժնում՝ որպես ռազմական դիվանագետ։ Դրան զուգահեռ սկսել էր հաճախել նաև ՈՄԱ (Ողջ մնալու արվեստը) ռազմահայրենասիրական ակումբ՝ ձեռք բերելով հետախույզի գիտելիքներ և որակավորում ևս։

«Փայլուն պատմություն գիտեր ու իրա իմացածը սովորացնում էր իրա զինվորներին՝ ոչ էն դասագրքային պատմությունը, որ կա, այլ էն խորքայինը, որ տարիներով փորփրել ու ինքնուրույն ուսումնասիրել էր։

Աբոս միշտ ասում էր՝ ես հասարակ մարտիկ չեմ, գաղափարի մարտիկ եմ, ֆիդայի եմ։ Ապրում էր Մոնթեի, Նժդեհի ու մյուս ֆիդայիների գաղափարներով, իրանց կյանքը անգիր գիտեր ու երազում էր իրանց պես լիներ»,- հիշում է մայրն ու հավելում՝ որդին ապրեց և զոհվեց որպես ֆիդայի։

Մայրն ասում է՝ հիմա որդուց հետո շատ բաներ է հասկանում։ Հիշում է՝ իր ծննդյան օրերին տուն չէր գալիս, ասում էր՝ ձեզ իմ բացակայությանն եմ սովորեցնում, այսօրվա համար էր անում։

Ներկա եղած ժամանակ էլ շատ փակ էր, երբեք չէին հասկանում՝ երբ է տխուր, երբ՝ ուրախ։ Վերցնում էր իր մեկ բաժակ սուրճն ու գնում երրորդ հարկում գտնվող իր սենյակ՝ միայնակ աշխատելու, իսկ այդ սենյակում այսօր միայն իր գրքերն են և խնամքով դասավորված զինվորական համազգեստները։

«Գիտե՞ք՝ Աբրահամից հետո մեր տուն համարյա մարդ չի գալիս, մարդիկ կան՝ ասում են՝ հերիք ա, բոլ ա, մի քիչ մոռացեք իրան, ձեր կյանքով ապրեք։ Ասում եմ՝ ո՞նց կարելի ա, ինքը մեր միակ հույսն էր, մեր միակ ապավենն էր։

Սա ծանր ու անասելի վերք ա, որ մենք կորցրինք մեր միակ տղուն, չունենք էլ երկրորդը, մեր հենարանն էր, որ կոտրեցին։ Ես իրան բազմակողմանի կրթության էի տվել, բայց անխնամ վարվեցին իրա հետ, իրա ճակատագիրը որոշեցին դիլետանտ մարդիկ, որոնք հեռու են ամեն տեսակ գիտելիքից, բայց գեներալ ու կառավարիչ են էս երկրում։ Սա ա իմ ցավը, ես իրոք գանձ եմ կորցրել․․․ մեծ գանձ»,- ասում է Աբրահամ Մարուխյանի հայրը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *