27-ամյա պшտգամավnր Աննա Մկրտչյшնի համшր մի քшնի դшս եմ առшնձնացրել..

Սովորաբար ԱԺ նիստերը չեմ նայում, թեպետ, շատերի համոզմամբ, երկաթյա նյարդեր ունեմ, բայց չեմ նայում վերջնականապես չվհատվելու համար:

Իշխանության մասին իմ տեսակետը հայտնի է. լինելով հեղափոխության ջատագով՝ ես այդ իշխանության ընդդիմախոսն եմ եղել հեղափոխությունից արդեն կարճ ժամանակ անց, երբ շատերը երկյուղում էին որևէ դառը խոսք ասել նոր իշխանությունների մասին:

Սակայն այն, ինչ ես այսօր տեսա ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, ավելի ճիշտ՝ այդ հարցուպատասխանի մի քանի հատվածներ դիտելիս, հասկացա, որ մենք անվերադարձ կորցրել ենք ոչ միայն քաղաքական միտքն ու քաղաքական պայքարը, այլև կարող ենք կորցնել նոր սերնդի այն հատվածին, որը կարող է քաղաքականության մասին դատել այս ԱԺ նիստերով, և ինչպես ցածրաճաշակ սերիալներն են վտանգավոր դաստիարակության համար, այնպես էլ ԱԺ նիստերը:

Ներկա խորհրդարանական ընդդիմությունը վարկաբեկում է ոչ միայն քաղաքական պայքարի իմաստը, այլև ընդդիմություն հասկացությունն ընդհանրապես:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի մսխած հեղափոխության հետևանքով է խորհրդարանում հայտնվել այսպիսի ընդդիմություն:

Ես ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին չեմ ճանաչում և այսօր ԱԺ նիստից առանձին հատվածներ նայելիս սկսեցի համացանցում փնտրել նրա կենսագրությունը:

Եվ, օ՜, զարմանք, պարզվեց, որ նա աղջկաս տարեկիցն է և աղջկանիցս մեկ տարի հետո ավարտել է նույն՝ ԵՊՀ Իրավաբանության ֆակուլտետի բակալավրիատը:

Եթե իմ աղջիկը 20 տարեկանում հայտարարեր, որ գնում է անդամակցելու կառավարող կուսակցությանը, անկախ նրանից, թե որն է այդ կուսակցությունը, ես կմտածեի, թե որտեղ եմ սխալվել նրա դաստիարակության մեջ:


Եվ քանի որ երիտասարդներին սովորեցնելն իմ աշխատանքն է, որին անկեղծորեն նվիրված եմ, այդ իսկ պատճառով հարկ եմ համարում 27-ամյա Աննա Մկրտչյանի համար մի քանի դաս առանձնացնել:

Դաս առաջին: Այն տարիքում, երբ Աննա Մկրտչյանն անդամակցում էր իշխող և հանրության կողմից մերժված կառավարող ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ տարիքում Արարատը ընտրական բուկլետներ և թռուցիկներ էր բաժանում ընդդիմադիր թեկնածուների համար:

Դաս երկրորդ: Այն տարիքում, երբ Աննա Մկրտչյանը կառավարող կուսակցության աստիճաններով սրընթաց վերև էր բարձրանում, Արարատ Միրզոյանը իմ, ամուսնուս՝ ԳԽ պատգամավոր, Հայաստանի Անկախության Հանրաքվեի պետական հանձնաժողովի անդամ Արամ Մայիլյանի, քաղաքական պայքարի բովով անցած հայտնի ընդդիմադիր գործիչների հետ, փակ հավաքներում քննարկում էր հեղափոխության և իշխանափոխության հնարավորությունները Հայաստանում:

Դաս երրորդ: Արարատ Միրզոյանին հայրենասիրության դասեր տալուց և շուտասելուկի պես Ցեղասպանություն բառն արտասանելուց առաջ հարկ է իմանալ, որ 2005թ. Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Արարատ Միրզոյանը «Հայոց պատմություն» մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Հայոց Ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1915-2005 թվականներին»:

Դաս չորրորդ: Քաղաքականության մեջ ցածրակարգ բառապաշարով չեն առաջնորդվում. քաղաքական գիտելիքների բացակայությունը նման կերպ քողարկելու փորձն ավելի է  ընդգծում այդ պակասը:

Սկզբի համար, թերևս, այսքանը; Այսքանը հազիվ էլ յուրացնեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.