Եթե առաջիկայում էլ հարկ լինի, օգտվելու եմ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մամուլում շրջանառված և քննադատությունների արժանացած այն հարցին, որ նախարարը օգտվել է սանավիացիայի ծառայություններից և մեկնել Տավուշի ու Սյունիքի մարզեր։

«Ես հստակ կերպով պատասխանել եմ, երբ այս հարցը բարձրացվել է, ասել եմ, որ՝ այո, ես մեկնել եմ Սյունիք և Տավուշ սանավիացիայի միջոցով:

Եթե առաջիկայում էլ անհրաժեշտություն լինի, օգտվելու եմ բոլոր անհրաժեշտ և առկա միջոցներից՝ հրատապ կերպով արագ արձագանքման կամ հրատապ հարցերը կարգավորելու համար:

Որևէ արտառոց բան չկա այդ հարցում»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով՝ այս հարցի վերաբերյալ իրավահապները իրեն չեն հրավիրել հարցաքաննման:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկը որոշ ժամանակ առաջ հայտնել էր՝ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ընթացքում երկու անգամ պետության հաշվին ուղղաթիռով մեկնել է հանրապետության մարզեր։

Ըստ նույն այդ տեղեկությունների՝ սանավիացիայի ծառայություններից մեկ անգամ նախարարն օգտվել է Տավուշի մարզ, մեկ անգամ էլ՝ Սյունիքի մարզ մեկնելու համար։

Հրապարակման համաձայն՝ ուղղաթիռի մեկ ժամվա արժեքը կազմում է մոտ 700 հազար դրամ։ Այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է շուրջ 2 մլն դրամ։

Տեղեկությունը հաստատել էր նաև առողջապահության նախարարությունը՝ նշելով.

«Անահիտ Ավանեսյանը «Սանավիցիայի» ծառայության միջոցով Տավուշի և Սյունիքի մարզեր օգնության շտապող մասնագետների խմբին է միացել երկու անգամ։

Եվ քանի որ դրանք շտապ բժշկական օգնության կանչեր են եղել, վճարվել է սահմանված կարգով»:

ՀՀ գլխավոր դատախազությունը նույնպես անդրադարձել էր հարցին՝ հայտնելով, որ մամուլի հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով ստուգելու և ընթացքը լուծելու։

Оставьте комментарий