«Վերջերu մի nւշագրավ փաuտի մաuին կարդացի». Արման Բաբաջանյան

Նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գոնե պատերազմից հետո ամենօրյա ռեժիմում համոզվում ենք, որ մեր նախկին պատկերացումը Ռուսաստանի ամենակարողության մասին մեղմ ասած ճիշտ և ամբողջական չէ:

Գուցե ինչ որ պահի Ռուսաստանի դեմ իսկապես խաղ չի եղել, բայց գլոբալ իրողությունները, որոնք վերաբերում են առավել լայն համատեքստին՝ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններին, առնվազը Հարավային Կովկասում և ուկրաինական ուղղությամբ, Մոսկվային օբյեկտիվորեն դրել են աննախանձ կացության մեջ:

Հակառակ մեզանում կարծրացած համոզումների, հայաստանյան հանրության մի որոշակի շրջանակի մեջ տասնամյակներով ներդրված կարծրատիպի Ռուսաստանի դեմ խաղ կա:

Ռուսաստանի դեմ Կովկասում ցավոք սրտի խաղ չունի թերևս միայն Հայաստանը և հարցը շոշափելիս ամենևին նկատի չունեմ, որ մենք ակնհայտ իրողությունները հաշվի առնելով պետք է Մոսկվայի ընդգծված ոչ հայաստանանպաստ քաղաքականության պատճառով անկանոն շարժումներ կամ շրջադարձ կատարենք:

Խոսքը օբյեկտիվ գնահատուման, իրավիճակը սառը ախտորոշել կարողանալու մասին է:

Թուրքիային հակադրվելու և սեփական շահերը առաջ մղելու Ռուսաստանի անկարողությունը ավելի մեծ համատեքստի՝ ոչ միայն ռազմատեխնիկական բաղադրիչի մասին է: Բայց հարցը նրանում է, որ արդի աշխարհում որևէ երկրի հզորությունը չի որոշում միայն նրա ռազմատեխնիկական հզորությունը, որովհետև, եթե Մոսկվայի կարողությունն ու ներուժը թույլ է տալիս ռազատեխնիկական մակարդակում դիմագրավել Թուրքիային, բայց այլ ուղղություններում անբավարար կարողությունների պատճառով Ռուսաստանը նախընտրում է չանել դա, գործ ունենք մաքուր անկարողության հետ:

Հայաստանը մեծ շրջադարձի հնարավորություն չունի՝ ներքին և ռուսահայ իրողությունները առնվազն այդպիսի մանևրի հնարավորություն չեն տալիս: Եւ պետք էլ չէ: Ես համոզված եմ, որ մյուս ուղղությունների շարքին Ռուսաստանի հետ ևս կարելի է և պետք է առողջ և արժանապատիվ հարաբերություններ կառուցել: Բայց այստեղ կարևորը ռուսները, թուրքերը կամ Ռուսաստանն ու Թուրքիան չէ:

Այս իրականության մեջ մենք, որպես պետություն և ժողովուրդ պետք է մտածենք մեր ազգային և համազգային կարողությունները զարգացնելու մասին: Իսկ կարողությունները հնարավոր է զարգացնել գործընկերների շրջանակը ընդլայնելու ճանապարհով՝ արևմուտքի հետ տնտեսական, անվտանգային և տեխնոլոգիական համագործակցության պարագայում, որպեսզի Հայաստանը իրենից ինչ որ բան ներկայացնի և բազմակողմ խաղի մասնակից դառնա, ոչ թե գնդակ: Պարզապես որ ռուսները մեզ հետ էլ խաղան, ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի:

Վերջերս մի ուշագրավ փաստի մասին կարդացի, պարզվում է՝ Բուդապեշտում Սաֆարովը սպանել է Գուրգեն Մարգարյանին Ռոբերտ Քոչարյանի հետ Իլհամ Ալիևի առաջին հանդիպումից ուղիղ 70 օր հետո: Բուդապեշտյան ոճրագործությունն ու մանավանդ հերոսացումը որևէ կերպ չազդեց Քոչարյան-Ալիև բանակցային գործընթացի բովանդակության վրա:

Սա սկիզբն էր… մենք ներսում թույլ էինք տվել հոկտեմբերի 27 և դրանից հետո երկրորդ անգամ «ընտրել էինք» Քոչարյանին: Բուդապեշտյան սարսափելի ոճիրին հաջորդեց Ռուսաստանի նախագահի այցը Բաքվում շեհիդների պուրակ: Սա բարձրաձայն զգուշացում էր:

Երևանը շարունակում էր չտեսնելու տալ, թե ինչպես է օրըըստօրե Պուտինի իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Մոսկվան դադարում խաղալ Հայաստանի հետ:

Հետո… Հետո Մադրիդ, Կազան, սեպտեմբերի 3-ի նվաստացում և 44-օրյա պատերազմ, որը այդպես էլ չի ավարտվում»:

Աղբյուրը` Արման Բաբաջանյան

Оставьте комментарий